«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իմ ընդդիմադիր հայացքով

Իմ ընդդիմադիր հայացքով
28.06.2013 | 02:35

Չորս տարի է` «Իրատես de facto»-ում եմ։ Իսկ նա, բանից պարզվում է, հինգ տարեկան է։ Համարյա հիմնադիր կազմից եմ, մտքովս էլ չէր անցել։ Պատվաբեր է։ Մի ժամանակ «Իրավունք de facto» էր։ Բայց ի՜նչ լավ եղավ, որ անունը փոխեցինք։ Հիշում եմ, թերթի խմբագիրը` տիկին Փիրուզա Մելիքսեթյանը, ասաց` մի լավ անուն մտածեք։ Ո՞վ առաջարկեց «Իրատես de facto»։ «Իրատես» բառը շատ է դուր գալիս։ Ոնց որ պատուհանի մաքուր ապակի լինի, մաքո՜ւր, թափանցիկ, երկինքը` կապո՜ւյտ... Իսկ «Իրավունքը»։ Չէ, չէ, հենց բառը նկատի ունեմ, տառերի այդ շարքը։ Մի տեսակ մաղձո՛տ, անմաքո՛ւր։ Չէ, «Իրատեսը» շատ լավ է։
«Ընթերցող լայն հասարակությունը» ինձ չի ճանաչում, քանի որ անունս թերթի էջերում չի նշվում։ ՈՒստի այս գրածս էլ, ինձ այսպես է թվում, նրան չի հետաքրքրի։ Հայտնի անունների կարծիքն ու հուշերն են հետաքրքիր լինում։ Ես, ճիշտ է, թերթի աշխատակից եմ, իմ արածը, թեև երևում է, բայց որպես իմ արած չի երևում։ Ես թերթի թարգմանիչն եմ։ Ռուսերենից հայերեն։ Իգոր Մարատիչի քաղաքական քերթվածներն եմ հայերենի վերածում, իմ վաղեմի աշխատակցուհի («Արմենպրեսում» ենք դեռ միասին աշխատել), քաղվերլուծաբան Սուսաննա Պողոսյանի հոդվածները և էլի ինչ-որ բաներ, որ ռուսերեն են հանդիպում խմբագրությունում։ Բայց իմ անունը, որպես թարգմանչի, չի նշվում։ Ինչ եմ անում որ... Հատուկենտ հեղինակային հոդվածներս էլ «գրական կեղծանունով» եմ ստորագրում։ Սիրում եմ մասնագիտությունս, հաճույքով եմ անում գործս։ Մի քսան տարուց ավելի «Արմենպրեսում» եմ աշխատել, «հին շկոլայի» թարգմանիչներից եմ։ Ինձ թվում է` ոչինչ... ՈՒղղակի առաջին պլանն իմը չէ. դիրքս չի ձգում և խառնվածքիս էլ բնորոշ չէ։
Մերոնք` տղաս, աղջիկս, գիտեն, որ սիրում եմ մասնագիտությունս, և ուրախ են, որ «օր ծերություն» ինձ սրտամոտ գործ առաջարկեցին։ Կարծես Սուսաննա Պողոսյանի ու Վարուժան Օլքինյանի մատը խառն է։ Եթե չասեմ շնորհակալ եմ` շանտղություն կլինի։ Թե չէ պարապ մնալը, շփումներ չունենալը շա՜տ ծանր բան են...
Իսկ մեր թերթը ինձ համար, նաև շատ շատերի, լավն է. հասուն, գրագետ, մշտական ու հետևողական էջերով, օժտված լրագրողներով, և հեղինակի ինքնությունը հարգելով։ Ճիշտ է, իմ ընդդիմադիր հայացքին որոշ նյութեր անդուր են, բայց իմ հայացքներն էլ դրանց հեղինակներին են, միգուցե, անդուր։ Ի՞նչ կարող ես անել։ Թեև ինձ ասում են, որ ես քաղաքականությունն ու չգիտեմ ինչը խառնում եմ իրար։ Չէ, ես որոշակիորեն լավն եմ համարում «Իրատեսը»։ Եթե ինձ համար, որպես ընդդիմադիր հայացքների տեր մարդու, այս թերթն այլ արժանիք չունենար, միայն Ռուզան Խաչատրյանի հեղինակած «Շուշիի ազատագրումը մեր դիվանագիտության ու ռազմական արվեստի համատեղ գործունեության լավագույն օրինակն է» վերտառությամբ հարցազրույցը քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի հետ բավական կլիներ մեր թերթով իմ գաղափարակիցների մոտ հպարտանալու համար։ Այս հարցազրույցը կուզեի, որ կարդացած լինեին կամ կարդային բոլորը։ Այն, կարծում եմ, մեկընդմիշտ լռեցրեց բոլոր նրանց, ովքեր պնդում էին, թե, իբր, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել կամ դեմ է եղել Շուշիի ազատագրման ծրագրին ու գործողությանը (հարցազրույցը տպագրված է «Իրատես de facto»-ի այս տարվա մայիսի 14-16-ի համարում և հրապարակված է irates.am համացանցային կայքէջում)։
Թերթի հաճախակի հյուրերն են ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչներ Ալեքսանդր Արզումանյանը, Գուրգեն Եղիազարյանը, Վահագն Խաչատրյանը, Երջանիկ Աբգարյանը, այլք, ովքեր հնարավորություն են ունենում այս ամբիոնից իրենց տեսակետները շարադրելու Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հասկանո՞ւմ եք, այս ամենը կարող է հրապարակել նաև ընդդիմադիր մամուլը, սակայն երբ «Իրատեսն» է դա անում` շատ ավելի արժանահավատ է։ Համաձայն չե՞ք...
Իսկ որ լրատվական դաշտում բախումներ են լինում, իհարկե, բնական է։ Բայց ես չեմ հասկանում հայհոյախառն, լուտանքոտ խոսքը, չեմ սիրում «կատու ճղելը»։ Դա ասելիքն ասելու, ապացուցելիքն ապացուցել փորձելու, համաձայնեք, լավագույն ձևը չէ։
Թերթը պնդացել է, թերթը բովանդակալի է, ընթերցող ունի, կայուն ընթերցող, թերթը համարյա «возврат» չունի (ոլորտի մարդիկ այսպես են կոչում թերթի չվաճառված օրինակների վերադարձը կրպակներից «Հայմամուլ»)։ Թերթը կարող, օժտված լրագրողների և օժանդակ աշխատակիցների մի լավ ու համերաշխ կազմ ունի։ Թերթն անխոնջ փոխխմբագիր Լիլի Մարտոյան ունի, թերթը համեստագույն ու խորագիտակ Հրանտ Վարդանյան ունի, Մարգարիտ Արիստակեսյան։ Թերթը Անահիտ Ադամյան ու խիստ ինքնատիպ Կարմեն Դավթյան ունի։ Նիկօ, Վաչիկ, Մեհրուժան Բաբաջանյան, Ռուզան Խաչատրյան, Մարտին Հուրիխանյան, Վրեժ Առաքելյան, Արմինե Սարգսյան, Ժասմեն Վիլյան, Լեյլի, Գոհար, Հասմիկ, Համլետ ու Արտաշես, ակտիվ արտահաստիքայինների մի բանակ ունի։ Եվ վերջապես, կոլեկտիվ պահել կարողացող խմբագրապետ ու տնօրեն ունի։ ՈՒմ մոռացա, թող ների։ Բոլորն են հրաշալի։
Բազմադեմ է կյանքը, ի՞նչ կարող ես։ Վիճենք, փորձենք ապացուցել, բայց ոչ երբեք անվայել արտահայտություններով։ Լրատվական դաշտի բոլոր մասնակիցներին եմ ասում։
Ով եմ ե՞ս... Չասացի՞։ «Իրատեսի» թարգմանիչն եմ։ Ասացի, է։ Անուն-ազգանունս հիմա կնշեմ։ Տարի՞քս... Է՜, գնա գալիս եմ։ Բայց գոհ եմ Աստծուց, հոգիս նվաղած չէ, ու օգնում է մեկ-մեկ այսպիսի բառեր արտաբերելու.
Տեսականորեն, գոնե,
Լիներ կարելի,
Տեսականորեն, գոնե, քննելի...
Առանց քեզ` ինչպե՞ս,
Առանց քեզ` ինչո՞ւ,
Եվ ինչի՞ համար առանց քեզ,
Եվ ինչի՞ս է պետք` առանց քեզ,
Առանց քեզ` որ ի՞նչ,
Վերջը ի՞նչ` առանց քեզ։

Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ